26 հոկտեմբերի 2011 - 13:49 AMT
Ֆրանկոֆոն քաղաքապետերի համաժողովի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդ

Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի համաժողովի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Պատվիրակության անդամները ծաղկեպսակ են դրել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին և ծաղիկներ՝ անմար կրակի մոտ: Այնուհետ պատվիրակները շրջել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել թանգարանի ցուցադրությանը և գրառումներ կատարել թանգարանի պաշտոնական այցելությունների հուշամատյանում, որտեղ մասնավորապես նշել են. «Եկել է ժամանակը, որ մարդկությունը դառնա մարդկային», «Հարգանքի տուրք մատուցելով մարդկության դեմ զոհերի հիշատակին ես, այնուամենայնիվ, տեսնում եմ, որ այս ժողովուրդը իր հերոսների և մշակույթի միջոցով կարողացել է վերականգնվել», «Պետք է բոլորս մի բան հիշենք՝ մենք բոլորս պետք է մեզ պատասխանատու զգանք ու խոսենք այդ մասին և դրանով մի փոքր փարատենք կոտորված այս ժողովրդի վերքերը»: