Հայաստանի Հանրային խորհրդում քննարկել են ապագայում նախատեսվող փոփոխությունները հարկային ու մաքսային ոլորտներում, որոնք նախատեսված են 2012թ. պետբյուջեով: Բացելով քննարկումը՝ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը նշեց, որ կառավարության առաջարկած օրենսդրական փոփոխությունների փաթեթը նախնական է, այն կարող է փոփոխության ենթարկվել, ուստի քննարկումը ևս նախնական է:
Իր հերթին Հայրենական արտադրողների միության նախագահ և Հանրային խորհրդի ֆինանասատնտեսական ու բյուջետային հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը հայտարարեց լրագրողներին, որ բյուջեն ենթադրում է 101 մլրդ դրամով եկամտային մասի ավելացում հարկերի հաշվին, ինչն, անկասկած, կազդի տնտեսության զարգացման վրա և ցանկալի կլիներ լսել տարբեր ոլորտների մասնագետների կարծիքը, հասկանալու համար, թե ինչպես այդ փոփոխությունները կանդրադառնան հայրենական էկոնոմիկայի զարգացման վրա: