«ՋԻԷՆՍԻ- Ալֆա» ընկերության մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ ընկերության համապետական ծածկույթի 10 Գբ/վ թողունակությամբ IP/MPLS ցանցը այժմ հասանելի է Հայաստանի ևս 3 քաղաքներում`Բյուրեղավանում, Էջմիածնում, Ծաղկաձորում:
Այս բնակավայրերում շահագործման են հանձնվել ընկերության ցանցային հանգույցները, որոնք հագեցված են ամերիկյան Juniper Networks արտադրության ժամանակակից սարքավորումներով։
Ցանցի ընդարձակմանն ուղղված ներդրումները, շինարարական և տեխնիկական աշխատանքները շարունակվում են, և առաջիկա ամիսների ընթացքում ևս յոթ քաղաքներ՝ Իջևանը, Նոյեմբերյանը, Գավառը, Մեղրին, Եղվարդը, Մարտունին և Մեծամորը կմիացվեն «ՋԻ ԷՆ ՍԻ-Ալֆա»-ի ցանցին:
Ներկայումս «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ»-ի ցանցին միացված են Երևանը, Աբովյանը, Գյումրին, Վանաձորը, Չարենցավանը, Հրազդանը և ևս 16 քաղաք։
Ընկերության այս ծրագրի իրականացումը կնպաստի ինտերնետի ներթափանցման մակարդակի, կազմակերպությունների ու բնակչության համար տեղեկատվական ռեսուրսների հասանելիության աճին, ինչպես նաև ընկերության կողմից տրամադրվող նորագույն ցանցային տեխնոլոգիաների ծառայությունների հասանելիությանը ՀՀ-ում: