26 հոկտեմբերի 2011 - 17:49 AMT
Տիգրան Սարգսյան. Հայաստանը մտադիր չէ անդամակցել Մաքսային միությանը

Հայաստանը մտադիր չէ անդամակցել Մաքսային միությանը: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ԱԺ-ում կառավարական ժամի շրջանակներում: «Մեր օրակարգում նման հարց չկա»,-ասել է վարչապետը: Ըստ նրա, համաշխարհային պրակտիկայում չկա նման դեպք, երբ երկիրը մասնակցում է նման միության, չունենալով անդամակից երկրների հետ ընդհանուր սահման: Ինչ վերաբերում է Առևտրի ազատ գոտու մասին համաձայնագրին, ապա Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ այն չի խոչընդոտի Հայաստանի եվրաինտեգրմանը: Ըստ նրա, Հայաստանն իրազեկել է այդ գործընթացի մասին իր եվրոպացի գործընկերներին և ոչ մի առարկություն նրանց կողմից չի եղել:

Հայաստանի վարչապետը կարևորել է այդ համաձայնագիրը՝ նշելով, որ այն բացում է սպառման նոր շուկաներ հայկական ապրանքների համար: «Սանկտ Պետերբուրգում ստորագրված այդ համաձայնգիրը պատմական նշանակություն ունի»,-ասել է նա: Տիգրան Սարգսյանը հավելել է, որ այն կոչված է փոխարինել ԱՊՀ երկրների միջև առկա երկկողմ համաձայնագրերը և չի հակասում ԱՀԿ առջև Հայաստանի պարտավորություններին: