Անդորրայի հավաքականի հանդեպ 1:0 հաշվով տարած հաղթանակից հետո Հայաստանի մինչև 19 տարեկանների ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Վարազդատ Ավետիսյանն ասել է, որ գոհ չէ իր թիմի խաղից: «Վերջին երեք խաղում մեր թիմը վատագույն խաղ ցուցադրեց: Մենք գիտեինք, որ Անդորրայի հետ խաղը դժվար է լինելու և լուրջ էինք նախապատրաստվել, սակայն, կարծում եմ, իմ սաները թերագնահատում էին մրցակցին»,-ասել է Ավետիսյանը:
Հայաստանի հավաքականը 6 միավոր է վաստակել 10-րդ խմբում և գրավել է երկրորդ տեղը, ինչը թույլ է տվել թիմին դուրս գալ Եվրոպայի առաջնության էլիտ-ռաունդ, որը տեղի կունենա 2012թ. գարնանը: «Այս կազմով մենք կարող ենք հաջող ելույթ ունենալ, սակայն, ֆուտբոլիստները պետք է ցույց տան իրենց բոլոր կարողությունները: Անշուշտ, կան թերություններ, որոնք շտկել է հարկավոր»,-ասել է մարզիչը:
Ըստ Անդորրայի մարզիչ Խուստո Ռուիս Գոնսալեսի, խաղը հավասար էր ընթանում, իր սաները գիտեին, որ պետք է բոլոր պահերն օգտագործեն: «Ինձ համար արդեն պարզ է, թե ինչ էին զգում հայերը, երբ պարտվեցին Իռլանդիային: Կարծում եմ, մեր խմբում հայկական թիմը լավ խաղ ցուցադրեց և արժանի է դուրս գալ հաջորդ փուլ: Սակայն, վերջին խաղում մենք արժանի էինք ոչ ոքիի և ես դժգոհ եմ մրցավարից»: