Մուամար Քադդաֆիի հայրենի քաղաք Սիրտում հայտնաբերվել են 267 մարդկանց դիեր: Ինչպես այսօր հաղորդել է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը, նրանցից շատերը Լիբիայի նախկին առաջնորդի կողմնակիցներն են եղել:
Սպանվածների մեծամասնությունը գնդակահարվել և թաղվել է քաղաքի և նրա արվարձանների տարածքում, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
ԱԱԽ-ն խոստացել է հետաքննել կատարվածն ու պատժել մեղավորներին:
Հոկտեմբերի 20-ին ԱԱԽ-ն հայտարարեց Քադդաֆիի կողմնակիցների կողմից վերահսկվող վերջին քաղաքի` Սիրտի գրավման և գնդապետի վախճանի մասին:
Ավելի վաղ լիբիական Ջամահիրիայի առաջնորդ Մուամար Քադդաֆիի մարմինը հրապարակավ ցուցադրվում էր արդյունաբերական սառնարանում` լիբիական Միսրատ քաղաքի առևտրի կենտրոնում:
Փետրվարի կեսին Լիբիայում սկսվեցին բողոքի ցույցերը, որոնց մասնակիցները պահանջում էին 40 տարի իշխող Մուամար Քադդաֆիի հրաժարականը: Ռազմական գործողություններում բեկումնային պահը վրա հասավ օգոստոսի երրորդ տասնօրյակում, երբ ընդդիմության ուժերը` ՆԱՏՕ-ի ավիացիայի աջակցությամբ, գրավեցին Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլին: