27 հոկտեմբերի 2011 - 18:24 AMT
Երևանի «Նաիրիտ» գործարանը 400 մլն դոլար կստանա ԵվրԱզԷս-ի Հակաճգնաժամային հիմնադրամից

Գրեթե երկամյա բանակցությունների արդյունքում Ռուսաստանի Ֆինանսների նախարարությունը հավանություն է տվել «Նաիրիտ» գործարանի մոդեռնիզացման համար միջոցների հատկացմանը: Ինչպես հաղորդում է «Իզվեստիյա»-ն, Ռուսաստանի վարկը հատկացվում է Հայաստանի կառավարության երաշխավորմամբ: Հիմնադրամի միջոցները հատկացվում են նվազագույն տոկոսադրույքով:

«Աշխատանքներն ընթանում են, սակայն ոչ մի որոշում չի ընդունվել: Դեռևս որոշված չէ ԵվրԱզԷս-ի Հակաճգնաժամային հիմնադրամի Խորհրդի հաջորդ նիստը, որի ժամանակ նման որոշումներ են ընդունվում»,- «Իզվեստիյա»-ին պարզաբանել է ֆինանսների նախարարության միջազգային ֆինանսական հարաբերությունների բաժնի տնօրեն Անդրեյ Բոկարյովը:

Գումարը Հայաստանին ծրագրվում է հատկացնել երեք տրանշով: Առաջինը` 125 մլն դոլարի չափով, կծախսվի ԱՊՀ Միջպետական բանկի առջև գործարանի ունեցած պարտքի մարման ու աշխատավարձերի վճարման համար, ինչը չի կատարվել 2011թ. մայիս ամսից: Երկրորդ և երրորդ տրանշերը կուղղվեն անմիջականորեն մոդեռնիզացմանը: