
«ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերի գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում Հարավային Կովկասի հանդեպ, քանի որ այն օբյեկտիվ պատճառներով շատ կարևոր է Եվրամիության համար»,- հայտնել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորտը, հաղորդում է ԱՊԱ-ն:
Նա նշել է, որ Լեհաստանում տեղի ունեցած Արևելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակում Էշթոնը հանդիպումներ է ունեցել Հարավային Կովկասի երեք երկրների նախագահների հետ: «Նա ծրագրում է տարածաշրջան այցելել, բայց առայժմ այցի ամսաթիվը հայտնի չէ»,- նշել է հատուկ ներկայացուցիչը:
Մեկնաբանելով այն հարցը, թե ինչպիսի հիմնական քաղաքական նկատառումներով նա կարող է այցելել տարածաշրջան, Լեֆորտը հայտնել է. «Ըստ իս, ԵՄ-ը խիստ շահագրգռված է տարածաշրջանով: Դեպի Եվրոպա գազային միջանցքի նախագիծը ծանրակշիռ պատճառ է ԵՄ կողմից հետաքրքրության համար: Ձեր տարածաշրջանը հսկայական ներուժ ունի, այն կամուրջ է երկու ծովերի միջև, մեծ մշակութային դիվերսիֆիկացիայի տարածաշրջան: Եվ այդ դերը կաճի, հենց որ լուծվեն հակամարտությունները, քանի որ դրանք զսպում են ողջ տարածաշրջանի զարգացումը»: