
«Մեր հավաքականը հիանալի շախմատիստներ ունի, որոնք լավ են տրամադրված և գեղեցիկ պարտիաներ են ցուցաբերում։ Թիմի առաջին համար Կարեն Գրիգորյանը և երկրորդ համար Հովհաննես Գաբուզյանը միջազգային մրցաշարերին մասնակցելու մեծ փորձ ունեն և գիտեն՝ ինչպես իրենց ճիշտ պահեն նման լարված միջոցառումներում։ Տիգրան Հարությունյանը միջազգային փորձ ունի, իսկ ահա Զոհրակ Ապրեսյանը և Արմեն Մելիքյանը բավական պատանի շախմատիստներ են, կարծում եմ, որ այդ պատճառով մարզիչը հաճախ չորրորդ խաղատախտակում փոխում է խաղացողներին»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է համաշխարհային պատանեկան օլիմպիադայի գործող չեմպիոն Տիգրան Պետրոսյանը։
Պետրոսյանը կարծում է, որ այսօր Գրիգորյանը և Գաբուզյանը թիմի առաջատարներն են և իրենց ետևից տանում են մնացած շախմատիստներին։ «Մեր շախմատիստները հանդես են եկել 6 տուրերում և կրել են ընդամենը 2 պարտություն, բայց վստահ գլխավորում են մրցաշարային աղյուսակը։ Ես կցանկանայի, որպեսզի օդանավակայանում նրանց դիմավորեն որպես օլիմպիադայի հաղթողների»։
6-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականը 17,5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Հոկտեմբերի 28-ին շախմատիստները հանգստանում են, իսկ մնացած պարտիաները խաղալու են հոկտեմբերի 29-31-ը։