
Հոկտեմբերի 28-ին Հայաստանի Ֆրանսիական համալսարանում տեղի ունեցավ «Մարու իրավունքները, ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունը որպես Եվրամիության հիմնարար արժեքներ» խորագրով խորհրդաժողովը, որի ընթացքում հանդես եկավ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: Ինչպես լրագրողներին է հայտարարլ օմբուդսմենը, ՀՀ մարդու իրավունքների գրասենյակին խնդրել են ներկայացնել մարդու իրավունքների և ժողովրդավարության հետ կապված իրավիճակը Հայաստանում ԵՄ արժեհամակարգի շրջանակներում: «Իմ խոսքում ես փորձում եմ հիմնավորել, թե ինչու են մարդու իրավունքների հարցն ու ու ժողովրդավարությունը ոչ թե ԵՄ արժեքներ, այլ եվրոպական արժեքներ, ինչպես նաև հայկական արժեքներ, քանի որ Հայաստանը ևս հանդիսանում է եվրոպական արժեքների կրող»,-ասել է նա: Նա կարևորել է նման հարցերի քննարկումը կրթական հաստատություններում: Ըստ նրա, ժողովրդավարության շուրջ զրույցները կհանգեցնեն իրական փոփոխությունների, քանի որ շատ երկրներում արդեն այն եզրակացության են եկել, որ ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները մեկ օրվա գործ չեն և բոլոր խնդիրները հնարավոր չէ լուծել մեկ օրում: «Դա սերնդների աշխատանք է: Գերակա խնդիր պետք է լինի այնպիսի հանրության ձևավորումը, որը կլինի համամարդկային արժեքների կրող, և ես ողջունում եմ այն փաստը, որ Ֆրանսիական համալսարանը հանդես է եկել այդ նախաձեռնությամբ»,-ասել է նա: Նա նշել է, որ 20 տարում զգալի բարելավում է նկատվում այդ ոլորտում: Սակայն, ըստ նրա, ոչ մի հայ չի կարող բավարարված լինել ժողովրդավարության հետ կապված իրավիճակով, քանի որ «մեր պետությունը դեռ հեռու է մարդու իրավունքների լիակատար պաշտպանությունից, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»: