28 հոկտեմբերի 2011 - 16:48 AMT
Երևանում քննարկվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցությունը

Հոկտեմբերի 28-ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ, հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Կոնստանտին Բիրյուլինին: Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև ռազմատեխնիկական ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր:

Վարչապետը գոհունակություն է հայտնել հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության ընթացքից` ընդգծելով, որ այն կարևոր նշանակություն ունի Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական դաշնակցային հարաբերություններում:

Այսօր Երևանում ավարտվում են հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստի աշխատանքները, որոնք մեկնարկել էին հոկտեմբերի 24-ին: Հանձնաժողովի հայկական կողմի համանախագահն է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ալիկ Միրզաբեկյանը: