
«Մենք չսխալվեցինք` ընտրելով FORWARD ընկերության ապրանքանիշը, քանի որ այն կրում են բազմաթիվ հայտնի մարզիկներ: Ընկերության նախաձեռնությամբ` Ազգային օլիմպիական կոմիտեի հովանու ներքո Հայաստանում կբացվի առևտրի կենտրոն, և բոլոր ցանկացողները կկարողանան սպորտային գույք գնել»,- ռուսական FORWARD ընկերության հետ համաձայնագիր կնքելուց հետո ասել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Ծառուկյանի խոսքով` ՀԱՕԿ-ը լուրջ աշխատանք է տանում, որպեսզի հայ մարզիկներին լավագույնս ներկայացնի լոնդոնյան Օլիմպիական խաղերում, և շատ կարևոր է, թե ինչպիսի սպորտային հանդերձանքով նրանք կմեկնեն խաղերին:
«Մեր երկրի նպատակը մեր մարզիկների համար լավագույն պայմանների ստեղծումն է, որպեսզի նրանք արժանավայել ներկայացնեն Հայաստանը: Հուսով ենք, որ FORWARD ընկերության հանդերձանքով մեր օլիմպիականները հաջող ելույթներ կունենան Լոնդոնում և մեդալներ կնվաճեն: Ինչպես և Պեկինում 2008-ին, Լոնդոնում նույնպես մեր պատվիրակությունը կգլխավորի 20-րդ դարի Հայաստանի լավագույն մարզիկներից մեկը` օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանը»,- ընդգծել է ՀԱՕԿ նախագահը:
FORWARD ընկերության գլխավոր տնօրեն Վադիմ Շտոլերի խոսքով` հաճելի է գիտակցել, որ իրենց ընկերությունը ոչ միայն մարզահագուստի պաշտոնական մատակարարն է Ռուսաստանի հավաքական թիմերի համար, այլև Հայաստանի Օլիմպիական կոմիտեի գործընկերը:
«Մենք ուրախ ենք ընդլայնել մեր գործունեության սահմանները, մեծ սպորտի և առողջ ապրելակերպի արժեքները հասցնել Հայաստանի ժողովրդին, որն այդքան մոտ է մեզ ոգով: Մենք Օլիմպիական կոմիտեին և Հայաստանի Օլիմպիական հավաքականին մաղթում ենք բազմաթիվ ոսկե մեդալներ նվաճել FORWARD-ի մարզահագուստով»,- ասել է Շտոլերը: