
Հայաստանի Պաշտպանության նախարարությունում հոկտեմբերի 28-ին տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ, որի ընթացքում քննարկվել են Զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու մարտական պատրաստության վիճակը, ինչպես նաև հրետանու ուսումնանյութական բազայի կատարելագործման ուղիները: Ինչպես հաղորդում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը, նիստի ժամանակ բացման խոսքով հանդես է եկել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որն անդրադարձել է նաև վերջին շրջանում բանակում տեղի ունեցած արտակարգ պատահարներին և խիստ ցուցումներ է տվել նիստին ներկա հրամանատարներին` արտակարգ պատահարների կանխարգելման ուղղությամբ աշխատանքները կատարելագործելու վերաբերյալ:
Սեյրան Օհանյանը անդրադարձել է նաև բանակի խնդիրների շուրջ հասարակական քննարկումներին: «Մենք հասկանում և ընդունում ենք արտակարգ պատահարներից հետո հասարակության կողմից բանակին ուղղված կառուցողական քննադատությունը, ավելին` այդ քննադատությունը օգտակար է և պետք է դասեր քաղել դրանից»,- ասել է պաշտպանության նախարարը` հավելելով, որ անընդունելի է համարում որոշ խմբերի կողմից բանակի խնդիրների միտումնավոր և ամենօրյա շահարկումը: Այդ համատեքստում նա ընդգծել է, որ այսուհետ պաշտպանական գերատեսչությունը առավել խիստ մոտեցում է ցուցաբերելու բոլոր նրանց նկատմամբ, ովքեր բանակը վարկաբեկում են ամեն գնով: «Եթե այդ մարդիկ կեղծ տեղեկություններ և հերյուրանքներ տարածելով փորձեն վնաս հասցնել բանակին, ապա իրավական դաշտում նրանց պատասխանատվությունը լինելու է անխուսափելի»,- նշել է Սեյրան Օհանյանը: