29 հոկտեմբերի 2011 - 09:24 AMT
Մինչ Ամանոր Մոսկվայում կբացվի Հայկական գրքի տունը

Մոսկվաբնակ հայերը լավ նվեր կստանան Ամանորին՝ Բասմաննայա 19 հասցեում կսկսի գործել Հայկական գրքի տունը: Ներկայումս այնտեղ շինարարական աշխատանքներ են գնում, այդ մասին օրերս զեկուցվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին նախագահի Ռուսաստան կատարած պետական այցի շրջանակներում:

Իր տեղակայմամբ ու ընդհանուր տեսքով մոսկովյան Հայկական գրքի տունը համահունչ կլինի Երևանի Ռուսական գրքի տանը, որը բացվեց հոկտեմբերի 7-ին:

Հայկական գրքի տանը Ռուսաստանի մայրաքաղաքի հայազգի բնակիչները հնարավորություն կստանան այցելել հայոց լեզվի դասընթացներ: Տան կազմում կգործի գրախանութ և «Արմենիա» մամուլի կենտրոնը, որը կհամագործակցի Երևանում գործող Ռուսական գրքի տան «Ռոսիա» մամուլի կենտրոնի հետ: Մոսկվայում Հայկական գրքի տունը կզբաղվի նաև «Ռուսաստանի հայկական աշխարհ» ամսագրի հրատարակմամբ:

ՌԴ քաղաքներում Հայկական գրքի 10 տների բացման մասին որոշումն ընդունվել է հոկտեմբերի 1-ին ԱՊՀ երկրների երիտասարդական միության վարչության խորհրդի կողմից: Հիշեցնենք, որ հունիսին այդ խորհրդի նախագահ ընտրվեց հասարակական գործիչ Անդրանիկ Նիկողոսյանը: