30 հոկտեմբերի 2011 - 17:06 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Վաչե Գաբրիելյան. Տնտեսական աճը Հայաստանում կգերազանցի համաշխարհային տնտեսության ցուցանիշը

2011 թվականի արդյունքներով Հայաստանում տնտեսական աճը կկազմի մոտ 4-5%, ինչը համաշխարհային տնտեսությունում տնտեսական աճի միտումների ցուցանիշից բարձր է, հոկտեմբերի 30-ին հայտնել է Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը՝ ելույթ ունենալով ՀՀԿ առաջին տնտեսական համաժողովում: «Մենք արդեն կայուն զարգացման փուլ ենք մտնում»,- ընդգծել է նա: Իսկ ինչ վերաբերում է գնաճին, ապա, նրա խոսքով, տարվա արդյունքներով այդ ցուցանիշը Հայաստանում կտատանվի 4-5% ծրագրված միջանցքի սահմաններում:

Տնտեսական աճի նախադրյալների թվում նախարարը նշել է ծառայությունների ոլորտը, գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը, որոնք հատուցել են արդյունաբերության ոլորտում գրանցված անկումը: Այս համատեքստում ֆինանսների նախարարն անդրադարձել է նաև դիվերսիֆիկացիայի խնդիրներին՝ նշելով, որ նման տնտեսությունները պակաս են ենթարկվում արտաքին մարտահրավերներին:

Նրա խոսքով՝ համաշխարհային ճգնաժամը, անխոս, ազդել է ինչպես Հայաստանի, այնպես էլ աշխարհի մյուս երկրների տնտեսության վրա: Հայաստանի կառավարության առջև դրա հաղթահարման համար լուրջ խնդիրներ են դրվելու, մասնավորապես՝ համակարգաստեղծ ընկերություններին, փոքր և միջին ձեռնարկատիրության ներկայացուցիչներին աջակցելու գծով՝ ինչպես պետական, այնպես էլ միջազգային կառույցներից ներգրաված վարկային միջոցների հաշվին: Բացի դրանից, նախարարի խոսքով, լայնամասշտաբ սոցծրագրեր են իրականացվել առանց պետբյուջեի ծախսային հոդվածի կրճատման, ավելին՝ 2009-ին Հայաստանում սպառման ծավալները չեն կրճատվել: Վերաֆինանսավորվող վարկերը թույլ են տվել վարկային միջոցները ֆինանսական հատվածից ուղղել տնտեսության իրական հատված, ինչն իր հերթին նախադրյալներ է ստեղծել արդեն 2010 թվականին տնտեսական աճի ապահովման համար:

Ինչպես հաղորդել է Վաչե Գաբրիելյանը, կառավարության կողմից ջանքեր են գործադրվել հարկային նպաստների հատկացման միջոցով ներդրումների խթանման ուղղությամբ, աջակցություն է ցուցաբերվել նաև հիփոթեքային ոլորտում 2009թ. Ազգային հիփոթեքային կազմակերպության ստեղծման հաշվին: Իսկ ազգային արժույթի ընտրված արդյունավետ փոխարժեքը քաղաքացիներին թույլ է տվել պահպանել իրենց պահուստները, այստեղ Գաբրիելյանը նույնպես նշել է Կենտրոնական բանկի ապադոլարացման քաղաքականությունը:

Հոկտեմբերի 30-ին Երևանում մեկնարկած Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջին համաժողովը միավորել է մոտ 350 անդամների և մոտ 50 հյուրերի: Համաժողովի ընթացքում կքննարկվեն արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտների զարգացմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև ենթակառուցվածքային ծրագրերի և Հայաստանի մարզերի հավասարաչափ զարգացման խնդիրներ: Բացի դրանից, ուշադրության կենտրոնում կլինեն բիզնես-միջավայրի բարելավման հարցերն ու բարեփոխումները պետկառավարման ոլորտում, մարդկային կապիտալի զարգացումն ու սոցիալական ինտեգրման գործընթացը:

ՖՈՏՈՇԱՐՔ