Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը նոր քաղաքապետի թեկնածության ընտրությունը թողել է պետության նախագահ Սերժ Սարգսյանի հայեցողությանը: «Կարծում եմ` ընդհանրապես ճիշտ չէ, որպեսզի վարչապետը ինչ-որ լուրեր մեկնաբանի»,- ասել է նա` մեկնաբանելով լուրերն այն մասին, որ Կարեն Կարապետյանը դավաճանել է ՀՀԿ թիմին և անցել Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմը: Այս համատեքստում վարչապետն ընդգծել է, որ առաջնորդվում է այն բացատրություններով, որոնք հրապարակավ տվել է Կարեն Կարապետյանը: «Նրա հետ հանդիպում եմ ունեցել, որտեղ նա մանրակրկիտ ներկայացրել է հրաժարականի իր փաստարկները, որոնք ամբողջությամբ համապատասխանում են իր հրապարակային հայտարարությանը: Որևէ այլ ենթատեքստ ես չեմ տեսնում և այլ մեկնաբանությունների հետ համամիտ չեմ»,- հավելել է նա:
«Երևան քաղաքի տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն, Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հոկտեմբերի 28-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:
Նույն օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, մինչ օրենքով սահմանված կարգով քաղաքապետի նոր ընտրությունները քաղաքապետի պաշտոնակատար է նշանակվել փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը: