31 հոկտեմբերի 2011 - 11:37 AMT
Նոյեմբերի 1-ին բացվելու է «Կիզակետում» լուսանկարչական ցուցահանդեսը

Նոյեմբերի 1-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի է ունենալու Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի երեխաների «Կիզակետում» խորագրով լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը:

«Կիզակետում»-ը լուսանկարչական նախագիծ է, որն իրականացվել է 2011թ. ամռանն ու աշնանը Մյասնիկյան գյուղում: Չորս ամիսների ընթացքում 7-ից 17 տարեկան երեխաները, ստանալով թվային ֆոտոխցիկներ, բացահայտեցին իրենց շրջապատող աշխարհը լուսանկարների միջոցով: Ցուցահանդեսին ներկայացվելու են ծրագրին մասնակցած երեխաների լավագույն աշխատանքները:

Հայաստանի մանուկներ հիմնադրամի աջակցությամբ` «Կիզակետում» նախագիծը մշակել, համակարգել և իրականացրել է Օկսանա Միրզոյանը:

Հայաստանի մանուկներ հիմնադրամի աշխատանքի առանցքում գյուղական համայնքների երեխաների համար լուսավոր ապագայի կառուցումն է` նրանց համար բարելավված կրթություն, առողջապահություն, քաղաքացիական ակտիվ կյանք ու տնտեսական բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով: Հիմնադրամի ծրագրերն ապահովում են աճի ու առաջընթացի մնայուն հնարավորություններ: Մոտեցումը համալիր է ու համապարփակ. ստեղծվում է առողջ ու աշխույժ միջավայր, որտեղ բոլոր երեխաներն ունեն լիարժեք ինքնադրսևորվելու հնարավորություն և կերտելու իրենց ապագան: Հիմնադրամն իր ծրագրերն իրականացնում է 2004 թ-ից` Բաղրամյանի և Թալինի շրջանների շուրջ մեկ տասնյակ գյուղերում: