1 նոյեմբերի 2011 - 10:55 AMT
Միրչա Լուչեսկու. «Շախտյորը» ամեն ինչ կանի պահպանելու համար G խմբից դուրս գալու ջանքերը

Նոյեմբերի 1-ին «Շախտյորը» Սանկտ Պետերբուրգում Չեմպիոնների լիգայի խմբային փուլում կխաղա «Զենիթի» հետ: «Շախտյորի» մարզիչ Միրչա Լուչեսկուն ասել է, որ խաղը շատ կարևոր է իրենց համար: «Մենք ամեն հնարավորը կանենք պահպանելու համար G խմբից դուրս գալու ջանքերը: Մենք 21 խաղացող ունենք, նրանցից յուրաքանչյուրը պատրաստ է դաշտ դուրս գալ ու ցույց տալ իր լավագույն հատկությունները»,-Լուչեսկուի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Դոնեցկի թիմի գլխավոր մարզիչը նշել է, որ «Շախտյորի» անհաջողությունները սկսվեցին «Պորտուի» հետ խաղից հետո, սակայն, «Զենիթի» հետ խաղում նրանք կցանկանան ներկայանալ որպես մի թիմ, որին դժավր է գոլ խփել: «Մենք կփորձենք առաջինը խփել: Մենք կորցնելու բան չունենք, մնում է միայն հաղթել, իսկ դրա համար թիմն ամեն ինչ ունի»:

«Շախտյորը» G խմբում 2 միավորով եզրափակում է աղյուսակը, առաջատարն է ԱՊՈԵԼ-ը 5 միավորով, «Զենիթն» ունի 4 միավոր և զբաղեցնում է 2-րդ տեղը: Առաջին խաղում «Շախտյորն» ու «Զենիթը» ոչ ոքի խաղացին՝ 2:2: