1 նոյեմբերի 2011 - 15:16 AMT
2012-ին Հայաստանը պետք է այնքան ծախսի, որքան կկարողանա հավաքել, հայտարարել է վարչապետը

2012-ին Հայաստանը պետք է այնքան ծախսի, որքան կկարողանա հավաքել, հայտարարել է վարչապետը։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2012-ի պետբյուջեի նախնական քննարկման ժամանակ։ «2009 թ. ընթացքում, երբ ունեցանք աննախադեպ անկում և առաջին հերթին շինարարության ոլորտում, որը տարվա կտրվածքով բերեց 14 տոկոսանոց համախառն ներքին արդյունքի անկում: Մենք պետք է բոլոր մեր խթանները օգտագործեինք, որպեսզի ապահովեինք մակրոտնտեսկան կայունություն մեր երկրում և թույլ չտայինք, որպեսզի պետական բյուջեի ծախսային մասը կրճատվի` չնայած այն հանգամանքին, որ 2009թ 100 մլրդ դրամով նվազեցին մեր հարկային եկամուտները տնտեսական անկման պատճառով մենք ծախսերը չկրճատեցինք, և ավելացրեցինք պետական բյուջեի դեֆիցիտը և այն փաստացիորեն կազմեց 7.4 տոկոս: Հասկանալի է, որ այդպիսի միջոցառումը հնարավորություն տվեց ավելացնել սոցիալական ծախսերը` առաջին հերթին ավելացնել աշխատավարձը և սոցիալական նպաստները, ինչպես նաև պարտքի հաշվին մենք իրականացրեցինք լայնածավալ ենթակառուցվածքային ծրագրեր, մասնավորապես շուրջ 24 մլրդ դրամ ուղղեցինք աղետի գոտու վերականգնողական աշխատանքների վրա, ինչպես նաև աննախադեպ ծավալի ճանապարհային շինարարություն կատարեցինք, ոռոգման համակարգի, խմելու ջրի ոլորտում իրակացրեցինք աշխատանքներ: Պետության նման միջոցառումները թույլ տվեցին մեղմել ճգնաժամի բացասական հետևանքները: Առաջին հերթին սոցիալական ոլորտում, երկորդ հերթին ենթակառուցվածքների մեծածավալ աշխատանքները ստեղծեցին նոր աշխատատեղեր: Արդյունքում մեր արտաքին պարտքը ՀՆԱ-ի մեջ 17 տոկոսից հասավ 40 տոկոսի և հասկանալի է, որ մենք մշակեցինք ելքի ռազմավարություն, որպեսզի այլևս արտաքին պարտքի ծավալները չավելացնենք, որը ենթադրում էր, որ մենք փուլ առ փուլ պետք է նվազեցնենք պետական բյուջեի դեֆիցիտը` վերադառնալով մինչև 3 տոկոսի ցուցանիշը ՀՆԱ-ի մեջ»,- ասել է վարչապետը։