Նոյեմբերի 1-ին Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպել է Լիբանանի ԱԳ նախարար Ադնան Մանսուրի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների ներկա վիճակը և զարգացման հեռանկարները: Երկուստեք ընդգծվել է բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելությունների իրականացման, առկա իրավական դաշտի թարմացման, միջազգային կազմակերպություններում համագործակցության խորացման, առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացման անհրաժեշտությունը:
Համոզմունք է հայտնվել, որ բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելությունների իրականացումը որակական նոր մակարդակի կհասցնի երկկողմ ջերմ և բարեկամական հարաբերությունները: Բարձր են գնահատվել վերջերս Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրիի Հայաստան կատարած այցի արդյունքները:
Նույն օրը դեսպան Քոչարյանը հանդիպում է ունեցել նաև Լիբանանի արդյունաբերության նախարար Վրեժ Սափունջյանի հետ, որի ընթացքում քննարկվել են երկկողմ առևտրատնտեսկան հարաբերությունների զարգացման հեռանկարները: Ընդգծվել է երկու երկրների գործարար շրջանակների փոխադարձ այցելությունների կազմակերպման, գործարար համաժողովների անցկացման, առևտրատնտեսական պալատների սերտ համագործակցության կարևորությունը: