S.O.S Սևան քարոզարշավն ընդլայնում է իր աշխարագրությունը: Սևանա լճի փրկության շարժմանն են միանում Հայաստանի գրեթե բոլոր մարզերից: Facebook սոցիալական ցանցում Սևանի պաշտպանությամբ են հանդես գալիս Վանաձորի Օրհուս կենտրոնի համակարգող Պերճ Բոջուկյանը (Լոռու մարզ), Իջևանի Օրհուս կենտրոնի համակարգող Գագիկ Աղբալյանը (Տավուշի մարզ), «Բիոսոֆիա» ՀԿ-ի նախագահ Գևորգ Պետրոսյանը (Գյումրի քաղաք, Շիրակի մարզ), Ալավերդու Օրհուս կենտրոնի համակարգող Անուշ Էվոյանը (Լոռու մարզ), Արարատի Օրհուս կենտրոնի համակարգող Հռիփսիմե Սարգսյանը (Արարատի մարզ), Գորիսի Օրհուս կենտրոնի համակարգող Նվեր Պողոսյանը (Սյունիքի մարզ), Հրազդանի Օրհուս կենտրոնի համակարգող Անահիտ Մնացականյանը (Կոտայքի մարզ), «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի նախագահ Անահիտ Գևորգյանը (Գեղարքունիքի մարզ), «Դալմա-Սոնա» հիմնադրամի նախագահ Ռուզաննա Ղազարյանը (Երևան), Գնդեվազ համայնքի երիտասարդությունը (Վայոց Ձորի մարզ), «Անկախ» շաբաթաթերթից Քրիստինա Տեր-Մաթևոսյանը:
S.O.S Սևան քարոզարշավն ուղղված է Սևանա լճի ավազանում ծավալվող հանքարդյունաբերության գործունեության նկատմամաբ պետական կառույցների անտարբերության դեմ, ինչի արդյունքում «GeoProMining Gold» ընկերությունը Սևանա լճի ավազանում` Սոտքում, առանց թույլատրության տեղադրել է հանքանյութը ջարդող-մանրացնող համալիր, ինչով խախտում է «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքը: «Գեգամետ պլյուս» ընկերությունը Սևանա լճի ափից ընդամենը 2 կմ հեռավորության վրա` Շորժայում, կառուցել է քրոմ պարունակող հանքանյութի վերամշակման գործարան: «Միկա ցեմենտ» ընկերությունը ոչնչացրել է Արդանիշի թերակղզու յուրահատուկ լանդշաֆտը:
Չեն դադարում ահազանգերը Սևանի ձկնապաշարների անկման, լճի ճահճացման, կենցաղային և հանքարդյունաբերական թափոններով աղտոտման մասին:
«Գիտակցելով Սևանա լճի կարևորությունը Հայաստանի գոյության հարցում` փրկե'նք Սևանը, թո'ւյլ չտանք, որ մարդկանց մի որոշ խումբ իրենց շահի համար կործանի մեր ազգային հարստությունը` Սևանա լիճը»,- կոչ է անում նախաձեռնությունը, հաղորդում է ԷկոԼուրը: