3 նոյեմբերի 2011 - 14:23 AMT
«Զվարթնոց» օդանավակայանին կից կառուցվելու է 55 մլն դոլար արժողությամբ միջազգային լոգիստիկ կենտրոն

Հայաստանի կառավարությունը նոյեմբերի 3-ի նիստում հավանություն է տվել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հարակից տարածքում միջազգային լոգիստիկ կենտրոնի և տրանսպորտային ենթակառուցվածքների ծրագրին, որն ազատ տնտեսական գոտու ստեղծման բաղադրիչներից է և ապահովելու է մայրուղիներից և Երևան քաղաքից դեպի օդանավակայան իրականացվող ուղևորաբեռնափոխադրումների իրականացումը` ավտոմոբիլային նոր մայրուղու և երկաթգծի կառուցման միջոցով։ Ինչպես նշել է տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը, հետագայում այն ներառվելու է ՏՐԱՍԵԿԱ միջազգային լոգիստիկ կենտրոնում, որի անդամ է Հայաստանը։

Մանուկ Վարդանյանը հավելել է, որ ծրագրի շրջանակներում կառուցվելու է նոր երկաթուղի, որն օդանավակայանից տանում է «Չարբախ» կայարան ուղևորափոխադրումների համար և մինչև «Կարմիր բլուր»՝ բեռնափոխադրումների համար։ Բացի դրանից, նախարարի խոսքով, կառուցվելու է նոր ճանապարհ, որը շրջանցելու է Արգավանդ և Փարաքար գյուղերը։ Այդ աշխատանքների արդյունքում, ինչպես հաղորդել է Վարդանյանը, ստեղծվելու է նոր տրանսպորտային հանգույց կամուրջների տեսքով, որը միացնելու է նոր ճանապարհները, Իսակովի պողոտան, շրջանցիկ ճանապարհը և այդտեղից դուրս է գալու մայրաքաղաքի գլխավոր մայրուղի։

Ենթադրվում է, որ լոգիստիկ կենտրոնի շինարարությունը տևելու է երեք տարի, արժեքը լինելու է շուրջ 25 մլն եվրո, որն ապահովվելու է պետություն-մասնավոր համագործակցությամբ։ Նախագծերի իրականացման հիմնական շահառուներն են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կոնցեսիոները, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն, լոգիստիկ կենտրոնի շահագործող օպերատորը և այլն։