
Նորություն չէ, որ թուրքական իրականության ամենացավոտ թեմաներից մեկը քրդական հարցն է ու ազգային փոքրամասնությունների ուծացման խնդիրը: Ողջ պատմության ընթացքում, սկզբում Օսմանյան կայսրությունում, հետո քեմալիստական Թուրքիայում իշխանությունները փորձել են ուծացնել ազգային ու կրոնական փոքրամասնություններին՝ դիմելով ամենատարբեր մեթոդների:
Վերջերս ակնհայտ է դառնում Թուրքիայի հակաքրդական քաղաքականությունը, որը մինչ այդ որոշակի դադար էր առել: Թուրք-քրդական առաջին դիմակայության արդյունքում հաճախակի դարձան ահաբեկչությունները երկրի արևելքում 2011թ. օգոստոսին: Սակայն, չի կարելի միանշանակ խոսել քրդական կողմից առանց պատճառի ահաբեկչական գործողությունների իրականացման մասին, քանի որ միջազգային հանրությանը տեղեկությունները հասնում են բացառապես թուրքական ԶԼՄ-ների միջոցով, այն դեպքում, երբ իրական պատկերը մնում է անհայտ:
Ավելին, ռազմական գործողությունները քրդերի դեմ էլ ավելի ուժգնացան Վանի երկրաշարժի ֆոնի վրա:
Հոկտեմբերի 28-ին Ռազգիփ Զարաքոլուն ձերբակալվեց քրդական հակակառավարական մարմիններին աջակցելու կասկածանքով: Իրավապաշտպանի չհիմնավորված ձերբակալությունը արդեն բացասաբար է անդրադառնում Թուրքիայի հեղինակության վրա: Իշխանությունների նպատակներն այդ հարցում լուսաբանում է իրավապաշտպանի նամակը, որը նա գրել է բանտում նոյեմբերի 3-ին:
Նամակում ասվում է. « Ոստիկանությունը չի հարցաքննել ինձ որևէ ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու մասին, միայն իմ գրած գրքերի մասին, ելույթների մասին: Մենք պետք է դադարեցնենք իշխանությունների այս ապօրինությունները»:
Իշխանությունների գործողությունների անհեթեթությունը ավելի վառ դրսևորվեց այն փաստում, որ ձերբակալության ժամանակ ոստիկանությունը Զարաքոլուի տնից առգրավեց միայն Հայոց ցեղասպանության մասին գրքերը: