Նոյեմբերի 8-ին տեղի ունեցավ ՀՀ դեսպան Արա Այվազյանի՝ Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեին հավատարմագրերի հանձնման արարողությունը:
Կայացած առանձնազրույցի ժամանակ Լիտվայի նախագահն իր գոհունակությունն է հայտնել Վիլնյուսում Հայաստանի դիվանագիտական առաքելության հիմնման կապակցությամբ, նշելով, որ դա երկար սպասված իրադարձություն է:
Հանդիպման ժամանակ կարևորվել է երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման և միջազգային տարբեր կառույցներում համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը: Նախագահ Գրիբաուսկայտեն, բարձր գնահատելով Հայաստանի և ԵՄ-ի միջև հետզհետե խորացող երկխոսությունը, մասնավորապես Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում Ասոցացման համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունների արդյունավետությունը, իր երկրի պատրաստակամությունն է հայտնել այսուհետ ևս աջակցել Հայաստանին փորձի փոխանակման, ինչպես նաև ԵՄ-ի և գործընկեր երկրների միջև հավասարազոր հարաբերությունների ձևավորման գործում:
Նախագահ Գրիբաուսկայտեն և դեսպան Այվազյանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: