Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին «առաջիկա մի քանի օրերին» հրաժարական է տալու։ Այդ մասին հայտարարել է Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոն։
Նախագահի խոսքով, նա ցանկանում է «ցրել ցանկացած կասկած կամ թյուրիմացություն» այն առիթով, թե երբ վարչապետը կկատարի իր խոստումը։
Սիլվիո Բեռլուսկոնին հրաժարական տալու մտադրության մասին հայտարարել է երեքշաբթի օրն այն մտավախությունների ֆոնին, որ Իտալիան կարող է դառնալ եվրագոտու ճգնաժամի հաջորդ զոհը։
Բեռլուսկոնիի որոշմանը նախորդել է խորհրդարանում երկրի բյուջեի մասին օրինագծի շուրջ քվեարկումը, որը չի ստացել պատգամավորների մեծամասնության աջակցությունը։
Իտալիայի նախագահի խոսքով, ֆինանսական կայունության մասին օրենքը, որը ներառում է տնտեսական բարեփոխումների փաթեթը, առաջիկայում հաստատվելու է։ Դրանից հետո նա բանակցություններ է անցկացնելու երկրում քաղաքական ճգնաժամն ավարտելու նպատակով։
«Կարճ ժամանակում կձևավորվի նոր կառավարություն կամ խորհրդարանը կլուծարվի նոր ընտրական քարոզարշավ սկսելու համար»,- Նապոլիտանոյի խոսքերը հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը։