Հյուսիսային Օսեթիայում` ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետը փակվելու է բեռնափոխադրումների և ուղևորների տեղափոխումը իրականացնելու համար եղանակային վատ պայմանների առկայության պատճառով, հաղորդում է Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարության մամլո ծառայությունը։
Սույն թվականի նոյեմբերի 8-ից մինչև 2012 թվականի մարտի 1-ը «Վերին Լարս» անցակետը փակ կլինի կցասայլերով բեռնատար ավտոտրանսպորտի, ինչպես նաև 30 և ավելի նստատեղ ունեցող ուղևորատար ավտոբուսների համար:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանի հետ Հայաստանի ցամաքային հաղորդակցությունը իրականացվում է «Վերին Լարս» անցակետի միջոցով, կարելի է սպասել բեռնափոխադրումերի արժեքի ավելացման: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդում բեռնափոխադրումներ իրականացնող «RAILVNESHTRANS ընկերություն տնօրեն Դավիթ Գալստյանը` գնաճի միտումները արդեն նկատելի են: Ըստ նրա, մինչև 23 տոննա քաշով բեռնատար ավտոմեքենաները ստիպված կլինեն օգտվել վրացական Փոթի և Բաթումի նավահանգիստներից, ինչը կարող է ծախսերն ավելացնել 10-15%-ով՝ համեմատած «Վերին Լարս» անցակետով բեռները փոխադրելու պարագայում։
Հայաստանի՝ ԱՊՀ և Եվրոպայի երկրների տարածքում միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումներ կատարող առաջատար տրանսպորտային ընկերություններից մեկի՝ «Սպայկա» ՍՊԸ գլխավոր տնօրենի օգնական Կարեն Բաղդասարյանն իր հերթին հաղորդել է, որ ելնելով միջազգային պրակտիկայից՝ բեռնափոխադրումների արժեքի թանկացումը 10 տոկոսով, որպես կանոն, հանգեցնում է ապրանքի ինքնարժեքի թանկացմանը 1-2 տոկոսով։ Ընդ որում, նա հավելել է, որ բարձր ինքնարժեքով և փոքր զանգվածով ապրանքների վրա բեռնափոխադրման արժեքի բարձրացումն առանձնապես չի անդրադառնա, իսկ ցածր ինքնարժեքով և մեծ զանգվածով ապրանքները սպառողին կարող են արժենալ ավելի քան 2%-ով ավելի թանկ։