12 նոյեմբերի 2011 - 16:33 AMT
Դավիթ Բաբայան. Այսպես կոչված ադրբեջանական համայնքի բնակությունը հայերի հետ համատեղ անհնար է

«Այսպես կոչված ադրբեջանական համայնքի բնակությունը հայերի հետ համատեղ անհնար է, ես կցանկանայի հերթական անգամ հիշեցնել, որ չկա այդպիսի հասկացություն, ինչպես ՂԼՀ ադրբեջանական կամ հայկական համայնք, կա Արցախի Հանրապետության բնակչություն»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Դավիթ Բաբայանը` մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Արազ Ազիմովի հայտարարությունն այն մասին, որ ղարաբաղյան հակամարտությունում փոխզիջում կարող է հանդիսանալ երկու համայնքների համատեղ բնակությունը: Դավիթ Բաբայանը նշել է, որ եթե ադրբեջանցիները, որոնք նախկինում ապրում էին Արցախում, որոշեն վերադառնալ ԼՂՀ, ոչ մի խնդիր չի առաջանա: Սակայն, այդ դեպքում, ըստ Բաբայանի, նրանք պետք է լինեն Արցախի Հանրապետության քաղաքացիներ:

Անդրադառնալով Ազիմովի մեկ այլ հայտարարությանն այն մասին, որ Ադրբեջանը հակամարտության կարգավորման դեպքում չի ենթադրում որևէ տարածքների հանձնում Հայաստանին, Դավիթ Բաբայանն ասել է,որ Բաքուն չպետք է որևք է տարածքներ փոխանցի Հայաստանին, քանի որ հակամարտությունը Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև է, «հետևաբար, բոլոր հարցերը պետք է լուծվեն այդ երկու երկրների կողմից»: