13 նոյեմբերի 2011 - 18:19 AMT
Արդեն վաճառքում են Հայաստանի և Ուելսի երիտասարդական հավաքականների հանդիպման տոմսերը

Նոյեմբերի 12-ին վաճառքի են հանվել ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստանի և Ուելսի երիտասարդական հավաքականների հանդիպման տոմսերը: Խաղը տեղի կունենա նոյեմբերի 15-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում երևանյան ժամանակով 17:00-ին:

Արևմտյան տրիբունայի տոմսերի արժեքը կազմում է 4000 դրամ, արևելյան տրիբունայինը՝ 3000 դրամ, իսկ հյուսիսային և հարավային տրիբունաներինը՝ 2000 դրամ:

Տոմսերը կարելի է ձեռք բերել հանրապետական մարզադաշտի դրամարկղում և «Hummel» խանութներում՝ Խանջյան 27, Մաշտոց 20 և Րաֆֆի 31 հասցեներում, PanARMENIAN.Net-ին հաղորդել են Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունից:

Հայաստանի հավաքականը 3-րդ խմբում 7 միավոր է վաստակել և 3-րդ տեղում է, Ուելսն իր հաշվին 6 միավոր ունի և 4-րդ տեղն է զբաղեցնում: 10 միավորով խմբի առաջատարն է Չեխիան, որը նոյեմբերի 11-ին 2:0 հաշվով հաղթանակ տարավ Հայաստանի նկատմամբ: