14 նոյեմբերի 2011 - 12:58 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Հովիկ Աբրահամյանը հեռացավ գործընկերների ծափահարությունների ներքո

Հայաստանի ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը ընթերցել է պատգամավորների առջև հրաժարականի մասին իր դիմումը: Ըստ Աբրահամյանի, նրա որոշումը պայմանավորված է ՀՀԿ նախընտրական շտաբը գլխավորելու մտադրությամբ և 2012թ. արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությամբ:

Ընդ որում, Աբրահամյանը նշել է, որ կշարունակի կատարել իր պատգամավորական պարտականությունները: «Ընտրված լինելով մեծամասնական համակարգով, ես մտադիր չեմ խուսափել իմ ընտրողների առջև ստանձնած պատասխանատվությունից և պատգամավորական պարտավորություններից»:

Աբրահամյանը երախտագիտություն է հայտնել գործընկերներին համատեղ աշխատանքի համար՝ ընդգծելով, որ 2008թ. սեպտեմբերի 29-ին խոսնակ ընտրվելուց հետո իր խոսքում հայտարարել էր, որ խորհրդարանի գործունեությունը կլինի թափանցիկ ու հանրամատչելի. «Հուսով եմ, որ ինձ դա հաջողվեց»:

Պատգամավորները Հովիկ Աբրահամյանին ճանապարհեցին ծափահարություններով:

Նոյեմբերի 1-ին Հայաստանի խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը հրաժարական է տվել և կգլխավորի Հայաստանի կառավարող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախընտրական շտաբը: Հանրապետական կուսակցության Խորհրդի նիստից հետո Հովիկ Աբրահամյանը հաղորդել է լրագրողներին, որ այն բանից հետո, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իրեն հանձնարարել է գլխավորել նախընտրական շտաբը, ինքն իր անձնական նախաձեռնությամբ առաջարկել է հրաժարական տալ, որպեսզի ավելի արդյունավետ ձևավորի շտաբն ու նախընտրական աշխատանքներ իրականացնի:

Նոյեմբերի 3-ին ՀՀ նախագահի հրամանագրով նախագահի աշխատակազմի պետի առաջին տեղակալ Միքայել Մինասյանը ազատվեց զբաղեցրած պաշտոնից սեփական ցանկությամբ: Մինասյանը կդառնա Հովիկ Աբրահամյանի առաջին տեղակալը:

ՖՈՏՈՇԱՐՔ