Ռուս հայտնի դերասան, ՌԴ ժողովրդական արտիստ Վենիամին Սմեխովը այսօր սկսել է իր վարպետության դասերը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: Նա այստեղ է իր կնոջ` հայտնի թատերական քննադատ Գալինա Աքսիոնովայի հետ: Վարպետության դասերն անցկացվելու են ևս 2 օր: Ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց, որ Սմեխովը վարպետության դասեր կտա ինչպես թատրոնի, այնպես էլ կինոյի դահլիճում, որովհետև դասախոսությունները առնչվելու են որկու ոլորտներին էլ:
Վենիամին Սմեխովը ծնվել է 1940 թ-ին Մոսկվայում: Խաղացել է Շչուկինի անվան թատերական ուսումնարանի, «Սովրեմեննիկ» և «Տագանկա» թատրոններում:
Նկարահանվել է մոտ 30 ֆիլմերում և ունի 5 տասնյակից ավելի դերեր թատրոնում: ԱՄՆ-ում դասավանդում է դերասանի վարպետություն: Ռուսաստանում և այլ երկրներում բեմադրում է դրամատիկական և օպերային ներկայացումներ: Դերասանին մեծ համբավ է բերել «Դարտանյանը և 3 հրացանակիրները» ֆիլմում մարմնավորած Ատոսի դերը:
Դերասանը Հայաստանում է «Ռուսական մշակույթի սեզոններ» ծրագրի շրջանակներում: Պաշտոնական այցով Սմեխովը Հայաստան է եկել 2007 թ-ին` ռուս այլ արվեստագետների հետ ստեղծագործող հայ երիտասարդության հանդիպման շրջանակներում և 2008 թ-ին` « Ռուսական մշակույթի սեզոններ» ի մեկնարկային ծրագրով: