14 նոյեմբերի 2011 - 17:58 AMT
Վերաբացվել է Նոր Նորքի փոստային բաժանմունքը

«Հայփոստ մարաթոն 2011» ծրագրի եզրափակիչ փուլն իր ակտիվ ընթացքի մեջ է: Գրեթե ամեն օր տեղի է ունենում փոստային բաժանմունքի վերաբացման պաշտոնական արարողություն:

Նոյեմբերի 14-ին Նոր Նորքի 4-րդ զանգվածում տեղի ունեցավ թիվ 0076 փոստային բաժանմունքի վերաբացման պաշտոնական արարողությունը:

Արարողությանը ներկա էին «Հայփոստ» ՓԲԸ-ի ղեկավարությունը, ինչպես նաև` թաղամասի բնակիչներ, ասվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ:

«Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանն իր խոսքում նշեց, որ այսօր «Հայփոստ մարաթոն 2011» բաժանմունքների նորացման ծրագրին զուգահեռ «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ի ղեկավարությամբ արդեն մեկնարկել է «Հայփոստ»-ի բաժանմունքների սպասարկման որակի բարձրացմանն ուղղված հիմնավոր ծրագիր:

Իր խոսքն ասաց նաև տեղի բնակիչներից մեկը, ով Հայրենական մեծ պատերազմի վետերան է: Նա նշեց, որ այս բաժանմունքի նորացմամբ արդարացան տեղի բնակիչների ակնկալիքները:

Նոր Նորքի 0076 փոստային բաժանմունքը նորոգվել և նոր բրենդին է համապատասխանեցվել, նորացվել են աշխատանքային ստանդարտները, փոխվել և նորացվել են ենթակառույցները, տեղադրվել են արդի ծրագրերին համապատասխանող նոր համակարգիչներ, նորացվել է մալուխային համակարգը և այլն:

«Հայփոստ մարաթոն 2011» ծրագրով մինչև տարեվերջ նախատեսվում է վերաբացել 50 բաժանմունք` ինչպես Երևանում, այնպես էլ` հանրապետության մարզերում:

Առաջիկա 5 տարիներին նախատեսվում է «Հայփոստի» նորացված բաժանմունքների և մասնաճյուղերի թիվը հասցնել 250-ի, ավելացնել ժամանակակից փոստային օպերատորներին բնորոշ նոր կոմերցիոն ծառայությունների տեսականին: