
Ֆրանսիացի ճարտարապետ, Անիի Ֆրանսական հնագիտական արշավախմբի անդամ Ֆիլիպ Դանգլըն ուսումնասիրություններ է կատարում Հայաստանում: PanARMENIAN.Net ի թղթակցի զրույցում ճարտարապետը նշեց, որ իրեն հետաքրքրում է ինչպես Ախուրյան գետի այն կողմը, որտեղ գնտվում է քաղաքը, այնպես էլ Հայաստանի ափը: Դանգլըն նաև նշեց, որ Անիում եղել է 7 անգամ` 1996-2005 թվականների ընթացքում: Արշավախումբը, հիմնականում, ուսումնասիրել է քաղաքի միջնաբերդը և Ամենափրկիչ եկեղեցու շրջակայքը: Հնագիտական պեղումների արդյունքում պեղել են միջնադարյան տապանաքարեր: Այժմ արշավախումբը չի այցելում Անի, քանի որ արշավախմբի նոր ղեկավար են փնտրում: Արշավախմբի հին ղեկավարը արդեն թոշակի է անցել:
Անին սկսեց արագ զարգանալ 961 թվականից, երբ քաղաքը դարձավ Հայաստանի Բագրատունիների մայրաքաղաքը և վերածվեց առևտրի խաչմերուկի Բյուզանդիայի, Պարսկաստանի, արաբական երկրների, Հարավային Ռուսաստանի, Միջին Ասիայի և Չինաստանի միջև: Ծաղկման շրջանում քաղաքում շուրջ հարյուր հազար մարդ էր բնակվում և քաղաքը հավասարը չուներ աշխարհում վեհ տաճարների քանակով, նրա երկրորդ անվանումն էր «հազար ու մեկ եկեղեցիների քաղաք»:Անի քաղաքի ավերակները գտնվում են Թուրքիայի և Հայաստանի սահմանին: Անիի կառույցներից շատերն ավերման եզրին են: