
Երևանի ավագանու անդամներն այսօր առավել քան երբևէ համախմբված էին ու միակարծիք։ Արտահերթ նիստին ներկա բոլոր 49 անդամները փակ և գաղտնի քվեարկությամբ կողմ էին արտահայտվել Երևանի քաղաքապետի թափուր պաշտոնի համար առաջադրված միակ թեքնածու Տարոն Մարգարյանին։
«Շնորհակալություն վստահության համար, մեր միասնական թիմի ուժերով կկարողանանք կատարել Երևան քաղաքի ու երևանցիների կողմից մեզ առաջադրված խնդիրները։ Այն համագործակցությունը, որ այս երկու տարիներին եղել է ավագանու հետ, քննարկումները շարունակական են լինելու, ակնկալում եմ, որ կշատացնենք քննարկումները ու կակտիվացնենք մասնակցությունը»,-ասաց Երևանի նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հավելելով որ իրենց առաջիկա ծրագրերի հիմքը լինելու է 2009թ-ի ավագանու ընտրությունների իրենց նախընտրական ծրագիրը, որը «պետք է կյանքի կոչենք ու հասցնենք տրամաբանական ավարտին»։
Անդրադառնալով քաղաքապետի պաշտոնում իր առաջին որոշմանը, նա նշեց՝ ինչ որոշում էլ լինի, լինելու է ի նպաստ Երևան քաղաքին ու երևանցիներին։ Իսկ կադրային քաղաքականության «սկանդալային» փոփոխություն քաղաքապետարանին, Տարոն Մարգարյանի հավաստմամբ, չի սպառնում. «Կադրային քաղաքականությունը ինքնանպատակ չի լինում։ Մենք ունենք պրոֆեսիոնալ թիմ։ Մնում է՝ ոգևորենք, որ այն ոգին լինի ու այն աշխատասիրությունը, որ մեր ծրագրերը հասցնենք ավարտին»։
Տարոն Մարգարյան նշեց, որ կշարունակի լքյալ կրպակների, Աբովյան փողոցի որոշ կառույցների ապամոնտաժումը. «Փորձելու ենք Աբովյան փողոցի մայթերը հանձնել մեր քաղաքացիներին»։
Երևանի ամենաերիտասարդ քաղաքապետի երդման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 18-ին՝ ավագանու հերթական նիստի ժամանակ։