15 նոյեմբերի 2011 - 14:54 AMT
Ֆրանսիայի Վանդեա նահանգում բացվել է «Հայաստանի լույսը» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը

Նոյեմբերի 12-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը աշխատանքային այցով գտնվում էր Վանդեայում` մասնակցելու համար Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված հանդիսություններին, որոնք նախաձեռնել էր Վանդեա-Հայաստան ընկերությունը (նախագահ Ֆրանսուազ Գովցյան), հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Միջոցառումների շրջանակներում նահանգի կենտրոնը հանդիսացող Ֆոնտենե-լը-Կոնտ քաղաքի Maison Billaud սրահում բացվեց Ժան-Միշել Բերցի «Հայաստանի լույսը» խորագրով ֆոտոցուցահանդեսը, որին ներկա էր քաղաքապետ Հյուգ Ֆուրաժը:

Ցուցահանդեսի բացման արարողությանը նախորդած կարճատեւ հանդիպման ընթացքում դեսպանը քաղաքապետին տեղեկացրեց հայ-ֆրանսիական ապակենտրոնացված մակարդակով համագործակցության հարուստ փորձի մասին եւ ցանկություն հայտնեց, որպեսզի Ֆոնտենե-լը-Կոնտը եւս միանա Հայաստանի հետ համագործակցության կապեր հաստատած ֆրանսիական 30 քաղաքներին ու շրջաններին:

Նույն օրը երեկոյան տեղի ունեցավ հանդիսավոր ընդունելություն, որին մասնակցեցին Վանդեա նահանգի Գլխավոր Խորհրդի նախագահ, Սենատոր Բրունո Ռետայոն եւ փոխնախագահ, Ֆրանսիայի Ազգային Ժողովում Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական խմբի անդամ Դոմինիկ Սուշեն: Ելույթներով հանդես եկան ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, Բրունո Ռետայոն, Դոմինիկ Սուշեն եւ Վանդեա-Հայաստան ընկերության նախագահ Ֆրանսուազ Գովցյանը:

ՀՀ դեսպանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց դեպարտամենտի ղեկավարությանը ջերմ ընդունելության եւ Հայաստանի հանդեպ ցուցաբերած հետաքրքրության համար եւ հույս հայտնեց, որ առաջիկա տարիներին Վանդեայի եւ Հայաստանի միջեւ փոխշահավետ ապակենտրոնացված համագործակցությունը կշարունակի զարգանալ եւ ընդլայնվել:

Վանդեայի նահանգը Գլխավոր խորհրդի նախորդ նախագահ Ֆիլիպ դը Վիլիեի օրոք ակտիվ համագործակցության կապեր է հաստատել Հայաստանի հետ: Մասնավորապես, ամեն տարի Վանդեայի ձեռնարկություններն ուսումնական պրակտիկայի նպատակով հյուրընկալում են Հայաստանի Ֆրանսիական համալսարանի ուսանողներին: Համագործակցություն էր սկսվել նաեւ ՀՀ մշակույթի նախարարության հետ` Հայաստանի պատմա-մշակութային հուշարձաններից մեկի արժեւորման ծրագիր իրականացնելու նպատակով: