15 նոյեմբերի 2011 - 16:03 AMT
Լոնդոնից դուրս «Թաթեոսյան Լոնդոն» առաջին բրենդային խանութ-սրահը կբացվի Հայաստանում

Նոյեմբերի 15-ին եռօրյա այցով Հայաստան է ժամանում Ռոբերտ Թաթեոսյանը: Հայկական արմատներ ունեցող բրիտանացի գործարար Ռոբերտ Թաթեոսյանը 1990թ. հիմնադրել է «Թաթեոսյան Լոնդոն» ընկերությունը, որը զբաղվում է բարձրակարգ զարդերի դիզայնով և արտադրությամբ: Թաթեոսյանը աշխարհում հայտնի է դարձել իր բարձրակարգ ճարմանդներով : Ընկերությունը նաև ճարմանդների դիզայն է մշակում այնպիսի հանրահայտ նորաձևության տների համար, ինչպիսիք են «Zegna»-ն, «Canali»-ն, «Corneliani»-ն: Երեք անգամ ընկերությունը արժանացել է «British Fashion Export Award» պարգևին, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը:

Թաթեոսյանի այցի շրջանակներում նախատեսվում է հանդիպում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, «Թաթեոսյան Լոնդոն» բրենդային խանութ սրահի բացում, որին կմասնակցի նաև երկրի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նախատեսվում է նաև մշակութային ծրագիր։

«Թաթեոսյան Լոնդոն» ընկերության արտադրանքը վաճառվում է աշխարհի ավելի քան 50 երկրներում: Մեծ Բրիտանիայից բացի «Թաթեոսյան» զարդերը կարելի է գտնել լավագույն խանութ-սրահներում և հանրախանութներում ԱՄՆ-ի, Գերմանիայի շատ քաղաքներում, ինչպես նաեւ` Մոսկվայում, Փարիզում, Դուբայում, Տորոնտոյում, Տոկիոյում, Սեուլում, Հոնգկոնգում: Լոնդոնից դուրս «Թաթեոսյան Լոնդոն»> առաջին բրենդային խանութ-սրահը կբացվի Հայաստանում` Մաշտոցի 48 հասցեում: «Արտակարգ զգացողություն է արմատներին վերադառնալը, ինչպես նաև՝ Երևան քաղաքին լոնդոնյան տրամադրություն և ոճ առաջարկելը »-ասել է Ռոբերտ Թաթեոսյանը։