
ՀՀ ՊՆ վարչական համալիրում այսօր տեղի է ունեցել զինված ուժերի գործունեությունը կարգավորող իրավական ակտերի վերանայման և առաջարկությունների մշակման համար ստեղծված աշխատանքային խմբի անդրանիկ նիստը, որը վարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
ՊՆ-ից հայտնում են, որ աշխատանքային խմբի անդրանիկ նիստին նախարար Սեյրան Օհանյանը և զինդատախազ Գևորգ Կոստանյանն իրենց ելույթներում նշել են, որ խմբի գործունեությունն ուղղված է լինելու զինված ուժերի գործունեությունը կարգավորող կամ ոլորտին առնչվող այլ իրավական ակտերի վերանայմանը, իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունների մշակմանը, ինչպես նաև զինված ուժերում հանցավորության մակարդակի բարձրացմանը նպաստող գործոնների հայտնաբերման ուղղությամբ ուսումնասիրությունների իրականացմանը և դրանց վերացման կամ ազդեցության նվազեցման վերաբերյալ առաջարկությունների ներկայացմանը:
Աշխատանքային խմբի նիստին մասնակցել են նաև ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծված իրավախախտումների կանխարգելման, օրինականության և կարգապահության ամրապնդման հարցերով զբաղվող մշտական հանձնաժողովի անդամները: ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանի նախագահությամբ գործող հանձնաժողովը, որում ներգրավված են պատասխանատու համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներ, քննարկելու է ՀՀ ԶՈՒ զորամասերում տեղի ունեցած դեպքերն ու արտակարգ պատահարները, անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի վրա ազդող կարգապահական և իրավական խախտումները, դրանց նպաստող պայմաններն ու պատճառները, դեպքերի ու արտակարգ պատահարների աճի կամ նվազման միտումներն ու օրինաչափությունները, ինչպես նաև կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ուղիները: Քննարկումների արդյունքում ի հայտ եկած թերություններն ու բացթողումները վերացնելու նպատակով կմշակվեն գործուն առաջարկներ և ծրագրեր: