15 նոյեմբերի 2011 - 16:57 AMT
Ինչպե՞ս են Facebook-ցիները դիմավորում նոր քաղաքապետին կամ բարի գալուստ, Գրաֆ

Այսօր ավագանու արտահերթ նիստում տեղի ունեցած քվեարկությամբ Տարոն Մարգարյանը պաշտոնապես դարձավ քաղաքապետ՝ Երևանի ամենաերիտասարդ և թվով 54-րդ քաղաքապետը։

Եվ կարծես թե արդեն ավանդաբար, քաղաքապետերին ճանապարհում ու դիմավորում ենք Facebook-ով։ Պատահական չէ, որ այսօր առաջինը հենց Facebook-ում տարածվեց Տարոն Մարգարյանի ընտրության մասին լուրը, որից հետո սոցիալական ցանցի օգտատերերը անձնական ու նորընտիր քաղաքապետի էջերում սկսեցին շնորհավորել վերջինիս ու բոլոր երևանցիներին։

«Շնորհավորում եմ, բայց ավելի շատ երևանցիներիս, որ ունենալու ենք Երևանը սիրող, թաղն ու քաղաքը գեղեցկացնելու ու ճիշտ կառավարելու ձիրք ունեցող քաղաքապետ»,- գրել է Լուսինե Կարապետյանը, իսկ մեկ այլ օգտատեր հույս է հայտնել, որ հազարավոր երևանցիների Սերն ու Հարգանքը կարդարացվի:

Տարոն Մարգարյանին մաղթում են «բարով կառավարել մեր սիրտը` Երևանը», «բեղմնավոր գործունեություն», հույս հայտնում, որ Երևանը կկառավարի նույն հաջողությամբ, ինչ Ավան վարչական շրջանը։

Իսկ օգտատերերից Հասմիկ Առաքելյանը Տարոն Մարգարյանին «շնորհել» է «գրաֆի»՝ կոմսի տիտղոսը. «Խելացի ու ճիշտ քաղաքականություն վարելու համար բավական չէ մարդկանց իմանալ, պետք է սիրել նրանց: Գրաֆ պարոն Մարգարյան, Դուք պատականում եք մարդկանց սիրող քաղաքականություն վարողներին»։