
Երևանում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ այսօր կազմակերպվել էր փորձագիտական քննարկում`նվիրված ՀՀ նոր քրեական դատավարության օրենսգրքի նախագծի տեսական և գործնական խնդիրներին: Միջոցառումը կազմակերպել էին ԵԱՀԿ երևանյան գրասենյակը և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտը ՀՀ Սահմանադրական դատարանի, արդարադատության նախարարության և Երևանի պետական համալսարանի հետ համագործակցությամբ:
«Այսօրվա քննարկումը առաջինն է մի շարք միջոցառումներից, որոնց նպատակն է մանրակրկիտ ուսումնասիրել նախագիծը և քննարկել բոլոր շահագրգիռ կողմերի առաջարկցությունները, այդ թվում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, իրավաբանների, դատավորների և գիտնականների»,- ասել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Քարել Հոֆսթրան:
Օրենսգրքի հիմնական մասը պատրաստվել է աշխատանքային խմբի կողմից, որը ստեղծվել է ՀՀ արդարադատության նախարարության նախաձեռնությամբ:
Աշխատանքային խմբի ղեկավար, ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դասախոս Հրայր Ղուկասյանը, հավելել է. «Մեր խմբի գործունեության հիմնական սկզբունքներից է թափանցիկությունը: Դա նշանակում է շարունակական քննարկում բոլոր շահագրգիռ կողմերի հետ, լսել նրանց կարծիքները և ընդունել քննադատությունը: Մենք հաշվի կառնենք բոլոր այն առաջարկությունները, որոնք կհնչեն այսօրվա և գալիք քննարկումների ժամանակ: Այն արժեքավոր ներդրում կլինի օրենսգրքի մշակման գործում»: ՀՀ գործող քրեական դատավարության օրենսգիրքը ընդունվել է 1998 թ.: