Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում ավարտվեց հոկտեմբերի 13-16-ն անցկացված սամբոյի պատանիների, երիտասարդների և աղջիկների աշխարհի 2011 թվականի առաջնությունը: Հայաստանի հավաքականը 7 մեդալ նվաճեց:
Երիտասարդների մրցապայքարում արծաթե մեդալ նվաճեց Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), իսկ պատանիներից` Գրիգոր Մխիթարյանը (48կգ), ով 2010 թ. աշխարհի չեմպիոնն էր, այս անգամ նույնպես փայլուն անցկացրեց բոլոր գոտեմարտերը և նվաճեց հերթական ոսկե մեդալն ու պահպանեց սամբոյի պատանիների աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
Երիտասարդներից Հայաստանի ընտրանու համար բրոնզե մեդալներ վաստակեցին Մաքսիմ Մանուկյանը` (48 կգ), Կարեն Տոնոյանը (62 կգ) և Մհեր Կարապետյանը (82 կգ): Աղջիկների առաջնությունում պատվո երրորդ հարթակին բարձրացավ հայկական հավաքականի միակ ներկայացուցիչը` 52 կգ քաշային Ռոզա Խաչատրյանը: Բրոնզե մեդալի արժանացավ նաև պատանիների առաջնությունում հանդես եկող Ռաֆիկ Մանուկյանը (65 կգ), PanARMENIAN.Net-ին հաղորդեցին Հայաստանի Սամբոյի ֆեդերացիայի մամլո ծառայությունից: