16 նոյեմբերի 2011 - 11:11 AMT
Մոսկվայում կստորագրվի ՀՀ և ՌԴ Ազգային անվտանգության խորհուրդների միջև համագործակցության 2012-2013թթ. ծրագիրը

Նոյեմբերի 16-18-ը Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը ՌԴ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հրավերով կմեկնի Մոսկվա: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԱԽ մամլո ծառայությունը, այցի շրջանակում Բաղդասարյանը հանդիպումներ կունենա Պատրուշևի, Ռուսաստանի Դաշնության Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Միխայիլ Դմիտրևի, Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարար Սերգեյ Շոյգուի և ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ:

Այցի շրջանակում կստորագրվի Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Ազգային անվտանգության խորհուրդների միջև համագործակցության 2012-2013թթ. ծրագիրը:

Հայաստան-ՀԱՊԿ համագործակցության ընթացիկ հարցերի քննարկման և հետագա փոխգործակցության նոր ուղիների նախանշման նպատակով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կենտրոնակայանում տեղի կունենա «Հայաստանի համագործակցությունը ՀԱՊԿ շրջանակում» թեմայով կլոր սեղան-քննարկում, որին կմասնակցեն ՀՀ և ՌԴ անվտանգության խորհուրդների, ՀԱՊԿ ստորաբաժանումների, պաշտոնական այլ շրջանակների ներկայացուցիչներ և փորձագետներ: ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի կողմից իրականացված բարեփոխումների շուրջ զեկույցով հանդես կգա ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը: