16 նոյեմբերի 2011 - 15:58 AMT
Վաղը Ֆրանսիայում կմեկնարկի համաեվրոպական հեռախոսամարաթոնը

Նոյեմբերի 17-ին Ֆրանսիայում կմեկնարկի համաեվրոպական հեռախոսամարաթոնը` «Հայաստան» համահայկական հիմնադրամի երկրորդ խոշոր դրամահավաք միջոցառումը, որը կշարունակվի մինչև նոյեմբերի 20-ը:

Շուրջ 700 կամավոր Ֆրանսիայից, Գերմանիայից և Շվեյցարիայից այս օրերի ընթացքում 12 ժամ շարունակ Ֆրանսիայի հինգ քաղաքներից` Փարիզ, Լիոն, Մարսել, Նիցցա և Տուլուզ, կզանգահարի ընդհանուր առմամբ 60000 հայազգի ընտանիքի ու կազմակերպության` առաջարկելով իրենց նվիրատվություններով մասնակցել Հայաստանի ու Արցախի վերականգնմանն ուղղված այս կարևոր նախաձեռնությանը:

Համաեվրոպական հեռախոսամարաթոնին իրենց երկրներից մասնակցում են նաև Հոլանդիայի և Հունաստանի հայ համայնքները: Հեռախոսամարաթոնի հանգանակություններն այս տարի կուղղվեն Լեռնային Ղարաբաղում և Հայաստանի Տավուշի մարզում շուրջ մեկ տասնյակ գյուղերում ջրի խնդրի լուծմանը:

Նախորդ տարվա համաեվրոպական հեռախոսամարաթոնի արդյունքում հանգանակված շուրջ 1.400.000 եվրոն ուղղվել է Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Հարթաշեն, Տող, Ակնաղբյուր, Ուխտաձոր գյուղերում ջրամատակարարման համակարգերի կառուցմանն ու վերակառուցմանը և Հայաստանի Շիրակի մարզի Աշոցք գյուղում դպրոցի կառուցմանը: