«Ես գոհ չեմ մեր ծանրորդուհիների ելույթներից Փարիզում կայացած աշխարհի առաջնությունում, սակայն, կարևորն այն է, որ մենք կարողացանք երկու ուղեգիր նվաճել: Առաջնությունը չստացվեց, սակայն ոչինչ, ամեն անգամ չի ստացվում մեդալներով վերադառնալ Հայաստան»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը:
Առաջնության արդյունքում կանանց հավաքականը 2 օլիմպիական վարկանիշ վաստկեց 98 միավորով: Հռիփսիմե Խուրշուդյանը (+75կգ ք/կ) և Մելինե Դալուզյանը (69 կգ ք/կ) ձախողեցին առաջնությունը: Միավորներ վաստակեցին միայն Իզաբելա Յայլյանը (53 կգ ք/կ) և Նաիրա Հարությունյանը (+75կգ ք/կ)՝ զբաղեցնելով 25 և 24-րդ տեղերը համապատասխանաբար:
Ըստ Ներսիսյանի, Խուրշուդյանի ձեռքի վնասվածքը լուրջ չէ և նա 10 օրից արդեն կսկսի մարզվել: «Այս տարի մենք մտադիր չենք հավաքներ անցկացներ, մարզուհիներն աշխատելու են անձնական մարզիչների հետ: Իսկ 2012թ. կսկսենք պատրաստվել Եվրոպայի առաջնությանն ու Օլիմպիական խաղերին»,-ասել է մարզիչը