17 նոյեմբերի 2011 - 13:33 AMT
«Արաբական գարունը» կրկնապատկել է անօրինական իմիգրանտների հոսքը Եվրոպա

«Արաբական գարունը» փաստացիորեն կրկնապատկել է անօրինական իմիգրանտների հոսքը Եվրոպա, համաձայն Frontex եվրոպական սահմանամերձ գործակալության` նախօրեին հրապարակված հաշվետվության: Գլխավոր կերպով անօրինականները Եվրոպա են մուտք գործում ծովով` Իտալիայի և Մալթայի տարածքով:

Այդպես, 2011թ. հունվարից դեկտեմբեր ամիսներին 112 844 անօրինական իմիգրանտ է հայտնաբերվել` նախորդ տարվա 76 697-ի դիմաց: Եվրոպական սահմանների անօրինական հատումների առավելագույն քանակը բաժին է ընկել այս տարվա մարտին` 20 000 անօրինական:

Այս տարվա հոկտեմբերին Միջերկրական ծովով Եվրոպա մուտք գործող անօրինական իմիգրանտների հոսքը սեպտեմբերի համեմատ նվազել է 97%-ով, ինչը, գործակալության տվյալներով, բացատրվում է ոչ միայն նրանով, որ Թունիսի և Լիբիայի իշխանությունները սկսեցին վերահսկել իրադրությունը, այլև վատ եղանակով:

Միևնույն ժամանակ հոկտեմբերին 20%-ով աճել է անօրինական իմիգրանտների քանակը հունա-թուրքական սահմանին, որով Եվրոպա է մուտք գործում անօրինականների մեկ երրորդը: Միջին հաշվով այս տարի ամեն օր մոտ 300 իմիգրանտ ապօրինաբար հատել է այդ սահմանը:

Գործակալության փոխտնօրեն Ժիլ-Արիաս Ֆերնանդեսի կարծիքով, դա, մասնավորապես, կապված է նրա հետ, որ Հյուսիսային Աֆրիկայի բնակիչները Թուրքիայի սահմանը հատելու համար մուտքի արտոնագրի կարիք չունեն, բացի դրանից թուրքական ավիաընկերությունները էժան տոմսեր են առաջարկում այդ երկրների Ստամբուլ: Frontex-ի տվյալներով, սկսած այս տարվա հունվարից, հունա-թուրքական սահմանին հայտնաբերվել են 1 700 ալժիրյան, 1 000 մարոկկյան և 300 թունիսյան անօրինականներ: