
Ճարտարապետների միության անդամները «Պարսկական աշտարակի» նախագծին ծանոթացել են համացանցի միջոցով, իսկ որևէ պաշտոնական դիմում կամ ներկայացում չի եղել։ Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ճարտարապետների միության նախագահը Մկրտիչ Մինասյանը։
«Մեր միության կարծիքը բացասական է, անթույլատրելի ենք համարում այդ վայրում նման շենքի կառուցումը։ Դա կփչացնի ոչ միայն այդ հատվածի, այլև ողջ թաղամասի, ողջ քաղաքի տեսքն ու ճարտարապետական ամբողջականությունը»,- նշեց ճարտարպետը։
Նա նշեց, որ այդ հատվածում անգամ 10-հարկանի շենքի կառուցման է դեմ՝ թե սեյսմիկ, թե գեղագիտական տեսանկյուններից։ Անհրաժեշտ է հաշվի առնել նաև այն փաստը, որ կենտրոնն արդեն իսկ չափազանց խիտ է կառուցապատված, իսկ այդ հատվածով նաև մետրո է անցնում, որից անգամ եռահարկ «Մոսկվա» կինոթատրոնն է ցնցվում։
«Տեսել եմ, որ որոշ պարսկական ընկերություններ ու ճարտարապետեր են աշխատել նախագծի վրա։ Երևանի հանդեպ անտարբեր ճարտարապետներ միշտ էլ կգտնվեն, որոնց համար մեր քաղաքը որևէ արժեք չի ներկայացում։ Սակայն մենք չենք կարող սրտացավ չլինել ու թողնել, որ քաղաքն ավերեն, այլանդակեն։ Մեր միությունը պայքարելու է մինչև վերջ, անգամ եթե ճնշումներ լինեն։ Անելու ենք ամեն ինչ, որ չկառուցվի»,- ասաց Մկրտիչ Մինասյանը։
Վիեննայում բնակվող իրանցի ճարտարապետ Արյան Շահաբիանի նախագծի համաձայն ենթադրվում է 50-հարկանի երկնաքեր «Persia tower» (Պարսկական աշտարակ) կառուցել Երևանի հենց սրտում՝ «Մոսկվա» կինոթատրոնի և «Գոլդեն թուլիփ» հյուրանոցի հարևանությամբ։ Այնտեղ լինելու է բիզնես կենտրոն, հյուրանոց, բնակարններ: Միջազգային մրցույթներից մեկում այս նախագիծը երկրորդ մրցանակն է շահել։ «Persia tower» նախագծի կառուցումը դեռևս քաղաքապետարանում ու քաղաքաշինության խորհրդում չեն քննարկել: