ԱՄՆ կոնգրեսական Լինդա Սանչեսը հայտարարություն է տարածել, որտեղ կոչ է արել Թուրքիային վերադարձնել մշակութային և կրոնական ժառանգությունը ազգային փոքրամասնություններին, ըստ ԱՄՆ Կոնգրեսի 306 բանաձևի:
«Մշակույթի այս հուշարձանները մեծ արժեք ունեն: Բացի այդ, ըստ մարդու իրավունքների հռչակագրի, մարդիկ ունեն դավանանքի ազատություն և ես հուսով եմ, որ Թուրքիան կվերականգնի արդարությունն ու կվերադարձնի գույքը փոքրամասնություններին»,-ասվում է ուղերձում:
Ընթացիկ տարվա ամռանը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը 43 «կողմ» և 1 «դեմ» ձայների հարաբերակցությամբ քվեարկեց քրիստոնեական եկեղեցիները համայնքներին վերադարձնելու օգտին:
Օգոստոսի 28-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հռչակագիր ստորագրեց 1930-ականներից հետո առգրավված գույքը քրիստոնյաներին ու հրեաներին վերադարձնելու մասին:
Կառավարությունը մտադիր է նաև փոխհատուցում վճարել այն գույքի համար, որը վաճառվել է: Վերադարձման են ենթակա նախկին հիվանդանոցը, որբանոցը, դպրոցի շենքը, գերեղմանոցները, խանութը, հողամասը, ինչպես նաև «Սուրբ Հարություն» հիմնադրամի գույքը: