Մոսկվայում շարունակվում է Միխայիլ Տալի շախմատի հուշախաղը, որին մասնակցում են աշխարհի 10 սուպերգրոսմայստերներ:
5-րդ տուրում հայ շախմատիստ Լևոն Արոնյանը սև ֆիգուրներով կիսել է միավորները Հիկարու Նակամուրայի (ԱՄՆ) հետ: Ոչ ոքիից հետո Արոնյանը 3 միավոր է վաստակել և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Նույնքան միավոր ունեն նաև Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Յան Նեպոմնյաշչին (Ռուսաստան) և Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան):
Նոյեմբերի 21-ին շախմատիստները հանգստանում են, իսկ նոյեմբերի 22-ին` 6-րդ տուրում, Արոնյանը կխաղա Բորիս Գելֆանդի (Իսրայել) հետ: Մյուս պարտիաներում կհանդիպեն Վասիլի Իվանչուկ – Վիշվանաթան Անանդ, Վլադիմիր Կրամնիկ – Հիկարու Նակամուրա, Յան Նեպոմնյաշչի – Սերգեյ Կարյակին և Մագնուս Կարլսեն – Պյոտր Սվիդլեր զույգերը: