21 նոյեմբերի 2011 - 16:59 AMT
Թումոյում կայանալիք GTUG’s Day Armenia միջոցառմանը կհյուրընկալվեն Google-ի աշխատակիցները

Նոյեմբերի 27-ին Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի կունենա GTUG’s Day Armenia միջոցառումը, որը ԱՊՀ GTUG (Google Technology User Group) խմբերի կողմից մեծ կիրառություն ունեցող «Google, GTUG and Rock’n Roll» հանդիպումների ձևաչափի երևանյան տարբերակն է: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին տեղեկացրեց GTUG Հայաստան խմբի համակարգող Վարդան Գրիգորյանը։

«Այս միջոցառման նպատակն է կազմակերպել փորձի փոխանակում այլ GTUG խմբերի հետ, ծանոթանալ Google-ի որոշ աշխատակիցների հետ, լսել նրանց խորհուրդները, շնորհանդեսները և ստանալ շատ հարցերի պատասխաններ»,-նշեց նա։ Վարդան Գրիգորյանի խոսքով միջոցառման հյուրն է լինելու Կիևի GTUG Կենտրոն խմբի մոդերատոր Վլադիմիր Իվանովը, որը կներկայացնի շնորհանդեսներ Google-ի տեխնոլոգիաների, GTUG գաղափարի և դրա արդյունավետության մասին:

Միջոցառման ժամանակ կլինեն նաև մի քանի տեսակապեր (hangouts) Google-ի տարբեր աշխատակիցների և աշխարհի մի քանի քաղաքների GTUG խմբերի հետ: «Արարատից մինչև Կարպատներ» (From Ararat to Carpathians) խորագրով տեսակապը նախատեսված է լինելու պատանիների համար `Թումո կենտրոնի և Կիև քաղաքի նմանատիպ ITDo ՏՏ կենտրոնի երիտասարդ սաների միջև, ինչպես նաև փոքրիկ մրցույթ Թումոյի անդամների համար, որը կիրագործվի Google ընկերության կենտրոնական Mountain View-ի գրասենյակի աշխատակիցների` Անդրեյ Յասինեցկու և հայազգի Արամ Այազյանի օգնությամբ` տեսակապի միջոցով:

Միջոցառման ժամանակ նաև ներկայացվելու է դեկտեմբերի 2- 4-ը կայանալիք «StartUp Weekend Yerevan 2011» միջոցառման bootcamp-ը՝ միջոցառման նկարագիրը, մասնակցության պայմանները և այլ մանրամասներ:

GTUG’s Day Armenia –ին մասնակցել կարող են բոլոր ցանկացողները։ Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել։