23 ապրիլի 2003 - 23:54 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԿՈԼԵԿՏԻՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ ԴՈՒՇԱՆԲԵՈՒՄ
Հայաստանի պատվիրակությունը` նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ կմասնակցի ապրիլի 27-28-ը Դուշանբեում կայանալիք Կոլեկտիվ անվտանգության խորհրդի նստաշրջանին` Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի (ԿԱՊ) մասնակից երկրների ղեկավարների մակարդակով: Այդ մասին լրագրողներին այսօր տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Ինչպես տեղեկացնում է «Դե-ֆակտո» գործակալությունը, ակնկալվում է, որ նստաշրջանում կքննարկվեն նոր ստեղծվող Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի կազմակերպության (ԿԱՊԿ) գործունեությունը կանոնակարգող փաստաթղթերի նախագծերը: Բացի դրանից, ԿԱՊ-ի մասնակից-երկրների ղեկավարների հանդիպմանը, ինչպես նաեւ արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների համատեղ նիստում կարեւոր տեղ է հատկացված 2004 թվականի հունվարի 1-ին ԿԱՊԿ միավորված շտաբի ստեղծման հարցին: Ենթադրվում է, որ այդ մարմինը պետք է զբաղվի ԿԱՊԿ-ի ռազմական բաղադրիչով, մասնավորապես, Կենտրոնական Ասիայում արագ ընդարձակման կոլեկտիվ ուժերի, ռազմատեխնիկական համագործակցության, զորավարժությունների պլանավորման, օպերատիվ ռազմական նախապատրաստման եւ այլ հարցերով: Նիստի արդյունքում նախատեսվում է ստորագրել փաստաթղթեր` միասնական երկաթուղային գծերի փոխգործակցության ապահովման, ինչպես նաեւ ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ: Նշենք, որ ԿԱՊ-ի անդամներ են Հայաստանը, Բելոռուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը եւ Ռուսաստանը: