
ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի դիմումը՝ քաղաքացի Հարություն Առաքելյանի հայտարարությունների մեջ նշված պնդումները ուսումնասիրելու և հայտարարությունների համաձայն քրեական գործ հարուցելու մասին:
Դատախազությունից հայտնում են, որ վարչապետի դիմումը, ինչպես նաև 2011 թվականի նոյեմբերի 22-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացված քաղաքացի Առաքելյանի բաց նամակը այսօր ուղարկվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն՝ նյութերի նախապատրաստմամբ ըստ էության ընթացքը լուծելու: Դիմումին ու բաց նամակին կից ոստիկանություն է ուղարկվել նաև նոյեմբերի 18-ին ՀՀ արդարադատության նախարարությունում Հարություն Առաքելյանի անունից ստացված ֆաքսը:
Հայաստանի Արդարատադության նախարարությունը ֆաքսի միջոցով ստացել է մի գրություն, որում փորձ է կատարվում սպառնալու և շանտաժի ենթարկելու ՀՀ վարչապետին և արդարադատության նախարարին: ՀՀ կառավարությունից հայտնում են, որ ըստ ամենայնի, այդ հաղորդագրությունն ուղարկվել է քաղաքացի Հարություն Առաքելյանի կողմից` ակնհայտ սուտ տեղեկություններով: