23 նոյեմբերի 2011 - 09:15 AMT
Իրանին չհաջողվեց ենթարկել Իրաքը և իշխող դիրք գրավել արաբական աշխարհում, վստահ է Վաշինգտոնը

Իրաքին ենթարկելու և արաբական աշխարհում իշխող դիրք գրավելու Իրանի փորձերը ձախողվեցին: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խեղակավար Թոմ Դոնիլոնը: «Իրանը չկարողացավ Իրաքին իրենից կախյալ վիճակում դնել: Իրականում իրաքցիները բոլորովին այլ ուղղությամբ են գնում՝ դեպի անկախ, ժողովրդավարական պետություն, որը դիմակայում է արտաքին միջամտությանը: Իրաքն ու Իրանը տարբեր հայացքներ ունեն ապագայի հանդեպ»,-ասել է Դոնիլոնը:

Նա հավելել է, որ ԱՄՆ-ն, թեև դուրս է բերում զորքերը Իրաքից, հուսալի գործընկեր է մնում այդ երկրի համար և կօգնի նրան պահպանել իր անկախությունը:

ԱՄՆ ԱԱԽ ղեկավարը հայտարարել է նաև, որ «Իրանին չեն հաջողվել Պարսից ծոցի երկրներին ահաբեկելու փորձերը…Պարսից ծոցի երկրների հետ համագործակցության խորհրդի կազմում ընդգրկված պետութոււնները նախկինից ամուր են միավորված և ձգտում են մարտահրավեր նետել Թեհրանին»: Ըստ նրա, Իրանին չհաջողվեց ի շահ իրեն օգատգործել «արաբական գարունը»: «Այդ փոփոխություններն անսպասելի եղան Իրանի առաջնորդների համար»,-ասել է նա: